arm.sputniknews.ru Ի պաշպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու այսօր բողոքի ակցիաներ տեղի ունեցան ՀՀ դատախազության և կառավարության շենքերի մոտ։ Կազմակերպիչներն էին «Համահայկական ճակատ» կուսակցությունը և համանուն շարժումը։
Ակցիայի մասնակիցները պարզել էին «Հավատքը չի դատվում», «Քննիչը պետք է ծառայի օրենքին» և նմանատիպ գրությամբ ցուցապաստառներ։ Միաժամանակ նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու եկեղեցուց»։
«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի խոսքով` դատախազության շենքի մոտ են եկել, քանի որ այս կառույցը չի հետևում սահմանադրական կարգի պահպանմանը։
«Մեր վերաբերմունքը թե դատախազությանը, թե ուժային մյուս կառույցներին բացասական ենք գնահատում. իրենք հատուկ ցուցումներով կատարում են հատուկ հրամաններ»,– հայտարարեց նա։
Ակցիայի մասնակիցներն, այնուհետև, երթով շարժվեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` այստեղ ևս ներկայացնելով իրենց պահանջները։
Հիշեցնենք, որ 2025թ. մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է կատարել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ, այնուհետև սկսել պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նշելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի՝ իրենք նրան չեն համարում Ամենայն Հայոց Կաթողիկոս: 2025թ. հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «վեհարանը ազատելու գործընթաց»: Ապա Փաշինյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները տարբեր եկեղեցիներում սկսեցին մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ մեկնարկելով Հովհաննավանքից, որի քահանան՝ Տեր Արամը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան), կարգալույծ էր արվել: Մինչ օրս գրեթե ամեն կիրակի Փաշինյանը և նրա կողմնակիցները մասնակցում են կիրակնօրյա պատարագների, որոնք անցկացնում են քահանաներ, որոնք կա՛մ կարգալույծ են արվել Հայ առաքելական եկեղեցու կողմից, կա՛մ պատարագի ընթացքում չեն հնչեցնում Գարեգին Բ-ի անունը: Փաշինյանը 2025թ. դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք մասնակցում են միայն այն պատարագներին, որոնց ընթացքում չի հնչում Գարեգին Բ-ի անունը՝ չհերքելով տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցները (և ոչ միայն) մինչ իրենց՝ պատարագի գնալը խոսում են քահանայի հետ և տեղեկացնում իրենց վերաբերմունքի մասին:
Իշխանական լրատվամիջոցներում հրապարակված նամակի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, որոնք ավելի վաղ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել են և ներկայում էլ շարունակում են պահանջել Գարեգին Բ-ի հրաժարականը:
Արդեն փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով ու արգելել է նրա ելքը Հայաստանից: