Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել | armenpress.am

armenpress.am Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների նկատմամբ կայացրած դատավճիռը։

«16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ»,-Մարի Ստրութերսի հայտարարությունն է մեջբերել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ստրութերսի կարծիքով՝ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և երաշխիքների, որ այդպիսի հանցագործություններն այլևս չեն կրկնվի։

«Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է նա։

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ դատական նիստերն անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։

Նշվում է նաև, որ «Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին  Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր մյուսների գործից և քննվում էր առանձին վարույթով: Փետրվարի 17-ին շինծու քրեական գործով Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն