armenpress.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«(ԱՄՆ) նախագահը շատ տարբերակներ ունի։ Մենք ունենք շատ հզոր զինված ուժեր։ Նախագահը ցույց է տվել դրանք օգտագործելու պատրաստակամություն։ Նա նաև ունի հիանալի դիվանագիտական թիմ և ցույց է տվել նաև այն գործի դնելու պատրաստակամություն», – ասել է քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխումը համարում է առաջնահերթ խնդիր, քանի որ Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կառաջացնի սպառազինությունների անվերահսկելի մրցավազք տարածաշրջանում:
«Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր: Մեր գլխավոր նպատակն այստեղ այն է, որ մենք Իրանին թույլ չտանք միջուկային զենք ստանալ: Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում: Եթե Իրանը միջուկային զենք ունենա, կհայտնվեն բազմաթիվ վարչակարգեր՝ որոշները բարեկամական, որոշները՝ ոչ այնքան բարեկամական, որոնք կցանկանան ստանալ միջուկային զենք նրանցից անմիջապես հետո: Դա աղետ կդառնա ամերիկացի ժողովրդի համար», – ասել է Վենսը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը շատ կցանկանար այս իրավիճակը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև Ժնևում կայացած անուղղակի բանակցություններին՝ Վենսը հայտնել է, որ դրանք որոշ առումով լավ են անցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել, սակայն միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ կարմիր գծեր է քաշել, որոնք իրանական կողմը դեռ չի ցանկանում ընդունել։
«Մենք կշարունակենք աշխատել, բայց, իհարկե, նախագահն իրեն իրավունք է վերապահում ասելու, թե երբ է իր կարծիքով դիվանագիտությունը հասել է իր բնական ավարտին։ Մենք հույս ունենք, որ գործը դրան չի հասնի, բայց եթե դա տեղի ունենա, ապա որոշումը կլինի նախագահինը», – եզրափակել է Վենսը։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։
Փետրվարի 17-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, կրկին Օմանի միջնորդությամբ, անցկացվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։