Մաքսայինի պետն ու տեղակալը «օգնել են» վարորդին շրջանցել ռենտգենը և 11,3 մլն դրամի բեռը թաքցրել պետությունից

2025-ի դեկտեմբերի 10-ին ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալն ու նույն բաժնի մաքսային տեսուչը, «Ագարակ» մաքսային անցման կետով ՀՀ մուտք գործած բեռնատարում 11,372,640 դրամի չափով մաքսային վճարման ենթակա բեռի առկայությունը թաքցնելու դիտավորությամբ, հիշյալ բեռի լիազոր ներկայացուցչի օժանդակությամբ, բեռնատարի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Այնուհետև, դարձյալ վերը նշված բաժնի պետի ցուցումով, նույն բաժնի մաքսային տեսուչը, խախտելով մաքսային նույնականացման միջոցների կիրառման ընթացակարգերը, կշռման գործողություններն ավարտելուց հետո ապահովման միջոց չի կիրառել տվյալ բեռնատարի վրա: Դրանից հետո բաժնի պետի տեղակալը, բաժնի պետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերցրել է մաքսային տեսուչի կողմից առանձնացված ապահովման միջոցը և առանց պատշաճ ֆիքսման տեղադրել բեռնատարի վրա՝ այն հետագայում հեշտությամբ հանելու համար, որից հետո տրանսպորտային միջոցը բաժնի պետի տեղակալի և տնտեսվարողի ուղեկցմամբ դուրս է եկել անցակետի տարածքից։

Անցակետի տարածքից հեռանալուց հետո բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է, և դրանից դուրս է բերվել վերը նշված բեռը, որից հետո բաժնի պետի տեղակալը կիրառել է ապահովման միջոցը և լուսանկարել այն։

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու հետևանքով տնտեսվարողին պատկանող բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և ընկերության տնօրենի կողմից մաքսային վճարները չվճարելու նպատակով թաքցվել է հարկման ենթակա բեռը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 11,372,640 դրամի վնաս։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բաժնի պետին, նրա տեղակալին և նույն բաժնի մաքսային տեսուչին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 46-290-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած՝ բեռի լիազոր ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Վերջինիս, ինչպես նաև բաժնի պետի և տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 մլն դրամի չափով գրավն ու պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն