Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր | news.am

news.am Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել  նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների  ազատ արձակումը.

«Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է:

Հարգված ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։

Բացի այդ, դատակոչված «վկաների» բառացիորեն բոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներ էին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույց դիտարկելը: Յուրաքանչյուր վկա պնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինվորականների կամ զինված այլ խմբավորումների հարձակումներից, բայց Ռուբեն Վարդանյանին այդ ամենի հետ կապող «ապացույցն» Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից նրա մեղավորության մասին լսելն էր։ Դա ապացույց չէ։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նա պետք է անհապաղ և անվերապահ  ազատ արձակվի մյուս 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների հետ։

Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին  Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր մյուսների գործից և քննվում էր առանձին վարույթով: Փետրվարի 17-ին շինծու քրեական գործով Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն