ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածել է Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալին»․ զոհվել է 18 զինծառայող, 1-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ դեպքի հանգամանքները պարզելու համար արդեն 5 տարի է՝ ընթանում է դատաքննություն, եւ դրա ողջ ընթացքում հարցաքննված բոլոր վկաները, բացի մեկից, պնդում են՝ ԱԹՍ-ն տեսանելի եղել զինծառայողներին։

Այս գործով ամբաստանյալի աթոռին է 2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ,  փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանը․ նա մեղադրվում է  ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Վերանյանը, տեղյակ լինելով, որ օդում ԱԹՍ կա, զինվորներին հրամայել է նստել մեքենան ու շարունակել երթը։ Հրամանից կարճ ժամանակ անց թռչող սարքը հարվածել է «Ուրալին»։

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Լեւոն Պետրոսյանի, հարցաքննվեց Անդրանիկ Վերանյանի հետ նույն մեքենայում գտնված զինծառայող Երվանդ Արմանի Իսկանդարյանը, որը մինչ այս պահը դատակոչված միակ վկան է, որը պնդում է՝ հարվածից առաջ ինքն օդում ԱԹՍ չի տեսել եւ չի լսել։ 

Երվանդ Իսկանդարյանը նշված օրը եղել է Վերանյանի «Պիկապի» թափքում՝ որպես դիտորդ։ Այսինքն՝ նրա գործառույթը եղել է դիտարկել ճանապարհը, օդը, եւ որեւէ ռիսկի դեպքում տեղյակ պահել։ Իսկ «Պիկապը» եղել է զորքի ավտոշարասյան վերջապահը։

Երդվելով ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից, պաշտպանի առաջարկով որպես վկա դատակոչված Իսկանդարյանը դատարանին հայտնեց, որ ինքը մեղադրյալ Վերանյանի հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի, իսկ նախկինում՝ միայն զինվորական հարաբերություններ։ Ասաց՝ Վերանյանին հանդիպել է միայն դատարաններում։

Պատմելով հոկտեմբերի 9-ին տեղի ունեցածի մանրամասները՝ Իսկանդարյանը մանրամասնեց, որ իրենք հատուկ հրահանգ չեն ունեցել ԱԹՍ տեսնելիս կրակել, բայց նման դեպքեր եղել են։ Միայն թե նշեց, որ ոչ միշտ է հաջողվել խոցել օբյեկտը, քանի որ դրանք թռչում են տարբեր բարձրությունների վրա։ Միաժամանակ, նա նաեւ հայտնեց, որ մինչեւ պատերազմը հատուկ ուսուցում չեն անցել՝ ինչպես տարբերակել ԱԹՍ-ները եւ այլն, միայն որոշ բաներ են սովորել, ասենք՝ օդում օբյեկտի առկայության դեպքում իրար գլուխ չհավաքվել, հեռու մնալ մարդակաշատ վայրերից, պատսպարվել եւ այլն։

– Պատերազմի ընթացքում ստացած գիտելիքները թո՞ւյլ են տալիս տարանջատել ԱԹՍ-ների տեսակները,- հետաքրքրվեց Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։

– Լինում էր, որ չափերից ասեին՝ «Բայրաքթար» է, «Հարոպ» է, բայց ինչքանով է ճիշտ՝ չգիտեմ։ Եղել է մեքենայի մեջ է իջել, չի տրաքել, էդպես են տեսել, ասել,- պատասխանեց վկան։

– Ինչ-որ օբյեկտի խոցման ականատես եղե՞լ եք։ 

– Այո։

– Ի՞նչ հաճախականությամբ եք ականատես եղել։

– Ինչքան պատերազմի դաշտում ես գտնվել եմ, տենց օր չեմ հիշի, որ տեսած կամ ձայներ լսած չեմ եղել։ Էդ մենակ ես չէ, էլի։ Բոլորն էլ, ով էլ ընդեղ եղել է, հաստատ համոզված եմ, որ միակարծիք են։ 

Այնուհետեւ վկան պատմեց, որ ԻՍՎ անձնակազմին երթի ընթացքում մի անգամ հանդիպել են Իշխանաձոր գնալու ճանապարհին, «Ուրալի» մեջ։ Իսկանդարյանը մտաբերեց այդ ժամանակ եղած խոսակցությունը Անդրանիկ Վերանյանի ու նրանց միջեւ, որից, ըստ վկայի, պարզ է դառնում, որ ԻՍՎ անձնակազմը գնում էր մեքենաների լիցքավորման․ «Խոսակցություն կհիշեմ, որ զապրապավկի էին գնում։ Վերանյանը հարցրեց՝ ուր, ասին զապրավկի, Վերանյանն ասեց՝ շուտ արեք, առավոտ պիտի [զապրավկի] եղած լինեիք, շուտ արեք, հասեք կալոնային»,- նշեց վկան։

Երկրորդ անգամ արդեն նույն անձնակազմին մոտ մեկ ժամ անց հանդիպել են Իշխանաձորի խաչմերուկի մոտ․ «Տեսել ենք, մեր ավտոն քաշել, կանգնել ենք, ես կուզովում եմ եղել, չեմ էլ իջել, իրանք (նկատի ունի նաեւ Վերանյանին,-հեղ․) իջել են, [հարցերլ են՝] ինչի՞ համար եք կանգնել, վերեւը բան կա՞, թե՞ չկա․․․ Էս խոսակցությունն եղել է, էլի շարժվել ենք»,- մանրամասնեց Իսկանդարյանը։

Պաշտպանի հարցին՝ ի՞նչ տպավորություն է ստացել ինքը, երբ տեսել է ԻՍ վաշտի անձնակազմին այդտեղ կանգնած, վկան ասաց, որ իրենց մեքենայի կանգնելու նպատակը եղել է ԻՍՎ անձնակազմի կանգառի պատճառը հասկանալը։

– [Երբ] հասել եք [Իշխանաձորի] խաչմերուկ, անձնակազմը պատսպարված է՞ր,- հետաքրքրվեց պաշտպանը։

– Էդ խաչմերուկի վրա նենց չի՝ տենց տեղ կար պատսպարվելու։

– Մարդաշա՞տ էր։

– Եղել են մարդիկ, ըտեղ միշտ էլ մարդիկ եղել են։

– Խանութ կա՞ր։

– Կար։ Բաց էր։ Էդ տարածքը պատրսպարվելու համար նպատակահարմար չէ, բայց եթե ստիպված ես, ուզած-չուզած [պիտի պատսպարվես],- ասաց վկան։

Պաշտպանը հետաքրքրվեց՝ խաչմերուկում երբ Վերանյանն իջել է «Պիկապից», ո՞ւմ հետ է խոսակցություն ունեցել։ Վկան, սակայն, չմտաբերեց։ Նա հիշեց միայն, որ լսել է խոսակցություն այն մասին, որ օդում ԱԹՍ կա։

– Այդ ժամանակ Վերանյանը Ձեզ հարցրե՞լ է՝ օդում բան կա՞,- հարցրեց պաշտպան Գրիգորյանը։

– Հա։

– Դիտարկե՞լ եք։

– Բնականաբար, ինքը հարցներ-չհարցներ՝ դիտարկում էի։ 

– Երբ Վերանյանը հարցրել է [ԻՍՎ անձնակազմից որեւէ մեկին], ասել են՝ մաքուր չի, ձեզ հարցրե՞լ է։

– Ինձ հարցրել ա՝ օդը մաքուր է՞, բան չկա՞, ես ասել եմ՝ ոչ։ Ես նայել եմ վերեւ, ասել եմ չկա,- ասաց վկան՝ վստահեցնելով, որ եթե ինքը օդում նկատեր ԱԹՍ, հաստատ չէր մնա մեքենայի թափքում, նույնիսկ եթե հրաման ստանար։ Վկան չհիշեց այնպիսի խոսակցություն, թե Վերանյանն այդ խոսակցությունից հետո զորքին հրամայել է նստել մեքենաներն ու շարունակել երթը։

– Երբ որ Դուք Վերանյանին պատասխանել եք, որ օդում ԱԹՍ չկա, զինվորներից որեւէ մեկը ձեր էդ ասածին հակաճառել է՞, որ ասի՝ եղբայր ջան, ի՞նչ ես ասում։

– Չէ, հակաճառել չի եղել, մեկը վարն ա եղել, զրույցն եղել ա իրար ինչ-որ դուխ տալու խոսակցություն, ուրիշ խոսակցություն չի եղել։ 

Իսկանդարյանն ասաց, որ այդ խոսակցությունից հետո «Ուրալը» շարունակել է երթը, իրենք՝ հետեւից։ «Ուրալի» երթի մեկնարկից մոտ 10-20 րոպե հետո ԱԹՍ-ն խոցել է մեքենան։ Իսկանդարյանն ասաց, որ ինքը հենց այդքան ժամանակ հետո էլ նկատել է ԱԹՍ-ն։

Թե ինչպես է ստացվել, որ հարցաքննված այլ վկաներ իրենց ցուցմունքներում պնդել են, որ մինչեւ հարվածը մոտ 30 րոպե օդում շրջել է ԱԹՍ-ն, իսկ ինքը՝ Իսկանդարյանը, չի նկատել այն, վերջինս մեկնաբանեց, որ 100 տոկոսով չես կարող տեսնել, եւ ինքն արդեն ներկայացրել է իր ընկալածը։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, վկայակոչելով այլ վկաների ցուցմունքներ, եւս հետաքրքրվեց՝ Իշխանաձորի խաչմերուկում կանգառ արած զինվորները արդյոք պատսպարվա՞ծ էին, նման տպավորություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Վկան նշեց, որ ինքն ամբողջ անձնակազմին չի տեսել, բայց նկատել է, որ տարածքում կան ծածկեր, օրինակ՝ կանգառ, ծառեր, որոնց տակ մարդիկ եղել են։

Երբ այդտեղից շարժվել են, մոտ մեկ կիլոմետրի չափով քշել են, ԱԹՍ-ն տեսանելի է դարձել Իսկանդարյանի համար․ «Էդ ընթացքում ավտոն չի կանգնել, ճվացել եմ, մեքենայի կուզովին եմ խփել, հլը կանգնած էլ չէր, թռել եմ մեքենայից, մնացածն էլ ով կարողացել է, իջել է մեքենայից»,- ասաց նա՝ նշելով, որ չի տեսել, թե ԱԹՍ-ն որ ուղղությամբ է իջնում հարվածի։ Միայն հարվածից հետո է ենթադրել, որ իրենց շարասյան մեքենաներից մեկն է խոցվել։

Հանրային մեղադրողի հարցին՝ ո՞նց է ստացվում, որ բոլոր հարցաքննվածները միաբերան պնդում են, որ ԱԹՍ տեսել ու պատսպարվել են, բայց ինքը պնդում է, որ չի տեսել, վկան դարձյալ ասաց, որ եթե ինքը տեսած լիներ, եթե վտանգ զգար, ինչ էլ ասին՝ ինքը թափքից կիջներ։

– Ստացվում է՝ իրենք [ԻՍՎ անձնակազմը] եթե տեսել են, իջել են, ճիշտ են արել,- արձանագրեց մեղադրողը։

– Դե հա, իմ տրամաբանությամբ,- պատասխանեց վկան։

– Երբ պայթյունը եղավ, ի՞նչ մտածեցիք, մտածեցի՞ք` ինչ եղավ, ինչի՞ն խփեց։

– Ես մտածել եմ, որ մեր մեքենաներից մեկն է եղել, որովհետեւ մենակ մեր կալոնան էր։ Հասել ենք խփած Ուրալին», [մեր] ավտոն հեռու է կանգնել։

– Հիմա միակ մարդն եք առ այսօր, միակը, ես ձեզ ասեմ` 5, 6, 7-ից ավելի վկաներ դատարանում ուղիղ ցուցմունք են տվել, որ տեսել են, լսել են, եկել, Վերանյանին էլ են ասել, որ ԱԹՍ եղել է, բայց դուք միակ մարդն եք, առնվազն մինչեւ էս պահը հարցաքննված, որ 1-ին օրից մինչեւ հիմա պնդում եք, որ օդում ԱԹՍ չի եղել։ Էս ամբողջ տրամաբանության մեջ ո՞նց է ստացվում, որ բոլորը՝ ոստիկանության ծառայողները, 2-3 հոգի, ողջ մնացած Արմեն Հակոբյանը, Հարություն Օհանյանը եւ եւս 3-4 հոգի ուղիղ ասում են, որ իջել են Իշխանաձորի խաչմերուկում ավտոմեքենայից, որովհետեւ «օդը կեղտոտ» էր։ Հիմա, Երվանդ, ո՞նց է ստացվում, որ միակ մարդը դուք եք, որ ոչ լսել եք, ոչ տեսել եք ու էն տրամաբանությամբ նաեւ, որ ասում եք՝ եթե լսեի, տեսնեի, ասեին՝ գնում ենք, առաջինը կլնեի, որ ասեի՝ չէ։ Ստացվո՞ւմ է այսպես։ 

– Ինչ եղել է, ես էդ եմ ասում,- կարճ արձագանքեց վկան։ Նա նաեւ նշեց, որ իր նախաքննական ցուցմունքներում ամեն ինչ պատմել է, եւ պնդում է, որ դրանք ճիշտ են, պարզապես հիմա կարող է այլ բառերով է կրկնում ասածը, ինչը կարող է այլ կերպ ընկալվել։ Դրա համար խնդրեց հիմք ընդունել նախաքննական վկայությունները։ 

Հանրային մեղադրողը հիշեցրեց վկա Խորեն Մելիքյանի ցուցմունքը՝ նշելով, որ նա նախաքննության ժամանակ ասել է, որ ԱԹՍ չի տեսել, սակայն հետո դիմում է գրել՝ ասելով, որ ստել է, քանի որ ուզել է Վերանյանին օգնել, իսկ իրականում օդում այդ ժամանակ ԱԹՍ եղել է։ Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ կամ հիմա որեւէ մեկը իրեն խնդրել, համոզե՞լ է, կամ իր ցանկությամբ որոշե՞լ է ասել՝ ԱԹՍ չի եղել՝ Անդրանիկ Վերանյանին օգնելու համար։ Վկա Իսկանդարյանը հերքեց այդ հավանականությունը։

Դատավոր Լեւոն Պետրոսյանը ճշգրտեց՝ որեւէ մեկը երբեւէ վկային ուղղորդե՞լ է այս կամ այն կերպ ներկայացնել իրավիճակը նախաքննական կամ դատաքննական ցուցմունքներում։ Վկան դարձյալ ժխտեց։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 23-ին։

Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն