civilnet.amՀայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, չմշակված որոշում է, որից հետո կառուցված համակարգը կարող է «մեկ օրում փլուզվել»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Փաշինյանի պատկերացմամբ՝ այդ երկրները կարող են լինել՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը կամ որևէ այլ երկիր, երկրներ։
Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունը, Շոյգուն հայտարարել է, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում։
«Վերջերս ես մեկնաբանել էի միջուկային թեմատիկայով ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Այսպիսով, արդյո՞ք նման, դիվանագիտական լեզվով ասած, չմշակված որոշումները չեն հանգեցնի նույնպիսի վտանգավոր փորձարկումների, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի շարքային քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ օրում փլուզվել։ Դրա համար պատասխանատվություն ոչ մի «բարեկամ երկիր», բնականաբար, չի կրելու։ Հուսով եմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումներին վերաբերող: Նրա խոսքով՝ այդ ընթացքում հայկական երկաթուղիների համակարգում, ներառյալ շարժակազմում, ռուսական ներդրումները գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի: «Եվ ահա հիմա [ՀՀ վարչապետ] Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանի երկաթուղիների՝ ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվելը վախեցնում է պոտենցիալ գործընկերներին՝ խոչընդոտելով տարածաշրջանային նախագծերին, և մտորում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար բարեկամական երկրի փոխանցելու մասին», – նկատել է Շոյգուն:
Նա հիշեցրել է, որ պայմանագիրը նախատեսում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից, որպես կոնցեսիոների, կոնցեսիոն ակտիվների տիրապետում, օգտագործում, կառավարում, շահագործում, սպասարկում, նորոգում և անհրաժեշտ բարելավումներ: «Տեղեկության համար ասեմ՝ պայմանագրի ստորագրման ժամանակ ռուսական կողմն իր վրա է վերցնել պատասխանատվություն հայկական երկաթուղիների համակարգի ավելի քան 1,2 հազար անշարժ գույքի կոնցեսիոն ակտիվների և ավելի քան 12,5 հազար շարժական գույքի օբյեկտների համար», – տեղեկացրել է ՌԴ ԱԽ քարտուղարը:
Շոյգուն նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում կոնցեսիոն համաձայնագրի շնորհիվ Հայաստանի բյուջե է վճարվել ավելի քան 15 մլրդ ռուբլի հարկերի տեսքով, ինչպես նաև վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթգիծ այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման տակ գտնվող ցանցի շահագործվող երկարությունը կազմում է շուրջ 700 կմ:
«Իրականացվել է կոճերի 50%-ի փոխարինում, կատարվել է ավելի քան 50 կառույցների, այդ թվում՝ 38 կամուրջների և 2 թունելների վերանորոգում ու վերակառուցում: Եթե վերցնենք երկու տարվա վիճակագրությունը, ապա պատկերը հետևյալն է. «ՀԿԵ» ՓԲԸ-ն տարեկան միջինը փոխադրում է ավելի քան 500 հազար ուղևոր (որից մոտ 360 հազարը՝ տեղական հաղորդակցությամբ) և ավելի քան 1,6 մլն տոննա բեռ», – հավելել է նա:
Դեռևս դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։
Այնուհետև հունվարին վարչապետը հայտնեց, որ դրական ազդակներ կան Ռուսաստանից։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար: