azatutyun.am Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր երկրի արևմուտքում գտնվող Քութաիս քաղաքում երկու օտարերկրացիների է ձերբակալել ռադիոակտիվ նյութերի վաճառքի փորձի համար։
Գերատեսչության փոխտնօրեն Լաշա Մագրաձեի խոսքով՝ օտարերկրացիները փորձել են ուրան և ցեզիում-137 վաճառել։
«Այս նյութերը օգտագործվում են տարատեսակ հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական նպատակներով»,- նշել է Մագրաձեն։
Վրաց պաշտոնյայի խոսքով՝ վաճառված ռադիոակտիվ նյութերը նախատեսվում էր դուրս բերել երկրի տարածքից, իսկ ձերբակալված օտարեկրացիները գործարքի արդյունքում մտադիր էին 3 միլիոն դոլար վաստակել։ Ձերբակալվածների քաղաքացիությունը Վրաստանի անվտանգության ծառայությունն առայժմ չի բացահայտում։