Լեհաստանի վարչապետը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը | news.am

news.am Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը դիմել է Իրանում գտնվող իր երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել այդ պետության տարածքը և հրաժարվել դեպի այդ երկիր ցանկացած ուղևորությունից։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի ֆոնին, փոխանցում է Polskie Radio-ն։

«Խնդրում եմ անհապաղ լքել Իրանը և ոչ մի պարագայում չմեկնել այդ երկիր», – հայտարարել է նա։

Նա ընդգծել է, որ առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում տարհանում իրականացնելու հնարավորությունը կարող է դադարել գոյություն ունենալ։

Լեհաստանի կառավարության ղեկավարը հորդորել է լրջորեն վերաբերվել նախազգուշացմանը՝ նշելով, որ ռազմական գործողությունների սկսվելու դեպքում լեհական իշխանությունները չեն կարողանա քաղաքացիների համար անվտանգ ելք ապահովել երկրից։

Լարվածության աճը կապված է ԱՄՆ-ի և Իրանի միջև առճակատման ուժեղացման հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթների ընթացքում բազմիցս թույլ է տվել Թեհրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը։ Միացյալ Նահանգներն ուժեղացրել են ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ իրանական իշխանությունները հայտարարել են տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։

CBS News հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնն արդեն սկսել է անձնակազմի մի մասի ժամանակավոր տեղափոխումը Մերձավոր Արևելքից Եվրոպա և ԱՄՆ՝ կապված հնարավոր էսկալացիայի և Իրանի կողմից պատասխան գործողությունների ռիսկի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն