Խստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը. «Ավրորա»

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Արմինե Աֆեյանը խստորեն դատապարտել են համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված 20 տարվա ազատազրկման դատավճիռը՝ այն որակելով անարդար և կոչ անելով միջազգային հանրությանը պաշտպանել արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները և մտահոգիչ նախադեպ են ստեղծում։ Ընդգծվում է, որ տարիներ շարունակ նա եղել է կրթության, մարդասիրական օգնության և սոցիալական առաջընթացի ակտիվ պաշտպան՝ իր գործունեությամբ նպաստելով համայնքների հզորացմանն ու մարդկային արժանապատվության պաշտպանությանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին եւ դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության սկզբունքները։

Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է։ Տասնամյակներ շարունակ Ռուբենը եղել է կրթության, մարդասիրական օգնության եւ սոցիալական առաջընթացի անձնվեր պաշտպան՝ իր կյանքը նվիրելով համայնքների հզորացմանը եւ մարդկային արժանապատվության խթանմանը: 2015 թ․ նա համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը նրա անսասան նվիրումի վառ ապացույցն է՝ մեծարելու նրանց, ովքեր ուրիշներին պաշտպանելու համար վտանգում են իրենց կյանքը:

Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլեւ անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրա կնոջը, երեխաներին եւ թոռանը, որոնք նույնիսկ այսպիսի ծանր պահին շարունակում են ցուցաբերել աննկարագրելի ուժ։

Ռուբենի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն եւ մարդկայնության հանդեպ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների եւ անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության եւ պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից։

«Ավրորան» հիմնադրվել է՝ լույս սփռելու խիզախության եւ մարդասիրական արարքների վրա, որոնք դրսեւորվում են նույնիսկ ամենադժվարին պահերին։

Ռուբեն, քո ստեղծած ժառանգությունը շարունակում է ոգեշնչել մեզ, եւ մենք հաստատուն ենք արդարադատությունը վերականգնելու մեր ջանքերում»,- ասված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն