Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնատար անձը դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ  Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական  լիազորություններն օգտագործելով դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները կատարելու նպատակով` նշված քրեական գործով դատապարտյալը 2025 թվականի մայիսին ուղեգրվել է ՀՈԱԿ, որտեղ նրա կողմից հանրային աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարվել է վերը նշված բաժնի պետին:

Վերջինս, սակայն, դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն իրականացնելու, այն է՝ դատական ակտով սահմանված մաքրման աշխատանքները չիրականացնելու պայմաններում դրանք իրավասու մարմիններին որպես կատարված ներկայացնելու դիմաց նրանից պահանջել և 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին մեկ այլ քաղաքացու միջոցով ստացել է կաշառք:

Արդյունքում՝ դատապարտյալն իրեն հատկացված տեղամաս չի այցելել և հանրային աշխատանքներ չի կատարել, սակայն նրա անվամբ կազմվել և համապատասխան մարմիններին է ուղարկվել պատիժը փաստացի կրելու վերաբերյալ տեղեկանք:

«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կաշառք տված անձին՝ քրեական օրենսգրքի 436- րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն