Առանց նոր գաղափարների և համարձակ լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Expo Day-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Plug and Play ընկերության ինկուբացիոն ծրագրի շրջանակում անցկացվել է Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որով ամփոփվել է 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը։ Այս մասին հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ նշելով, որ նախարար Մխիթար Հայրապետյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով, ընդգծել ստարտափների զարգացման և միջազգային շուկաներում հայկական նորարարության ներգրավվածության կարևորությունը։

Նախարարը նշել է, որ Plug and Play-ի ներկայությունը Հայաստանում պարզապես միջազգային կազմակերպության գործունեություն չէ, այլ համաշխարհային մակարդակի փորձի և գերազանցության ներմուծում հայաստանյան ստարտափ էկոհամակարգ։

Նախարարի խոսքով՝ Plug and Play-ն աշխարհի խոշորագույն աքսելերատորներից է, որի հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։ «Այդ գործընկերությունը մեկնարկել է ոչ թե կարճաժամկետ արդյունքների, այլ երկարաժամկետ, կայուն համագործակցության տեսլականով։ Առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է, կա նաև լավատեսություն՝ ապագայի համագործակցության և դրական արդյունքների նկատմամբ։ Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների»,- նշել է նախարարը:

Միջոցառման ընթացքում ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի 19 բարձր աճ ունեցող ստարտափները ներկայացրել են իրենց նորարարական լուծումները հինգ ռազմավարական ուղղություններով՝ Enterprise AI, առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, առողջություն և մարդկային ազդեցություն, կայունություն և թվային շարժունակություն։

Expo Day-ը համախմբել էր միջազգային վենչուրային ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչների, կորպորատիվ նորարարության ղեկավարների, էկոհամակարգի առանցքային դերակատարների և պետական մարմինների ներկայացուցիչների՝ ստեղծելով արդյունավետ ցանցային համագործակցության միջավայր։

Ծրագրի շրջանակում ստարտափները ստացել են նաև միջազգային մենթորների աջակցություն, կատարելագործել իրենց արտադրանքները, պատրաստել դրանք միջազգային շուկաների պահանջներին համապատասխան ներկայացման։

Միջոցառման նպատակն էր ոչ միայն ներկայացնել ստարտափների ձեռքբերումները, այլև ընդգծել Plug and Play-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության արդյունքները, ինչը նպաստում է Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով հայկական ստարտափների միջազգային շուկաներում մասնակցությունը և ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային նորարարական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն