civilnet.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 23-ին հանձնարարեց լաբորատոր փորձաքննության ենթարկել մայրաքաղաքում իրականացվող փոսալցման աշխատանքների որակը։
«Խնդրում եմ բոլոր արվող աշխատանքներից տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել»,- ասաց քաղաքապետը՝ նպատակ ունենալով պարզել ասֆալտապատման իրական որակը ողջ քաղաքում։
Քաղաքապետարանակի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադառնալով փետրվարի կեսերին մեկնարկած լայնածավալ փոալցման և ասֆալտապատման աշխատանքներին, քաղաքապետը մատնանշեց մի շարք խնդիրներ, որոնք կապված են տեխնիկական ստանդարտների պահպանման հետ։ Մասնավորապես, անդրադարձավ համացանցում տարածված մի տեսանյութի, որտեղ երևում է, թե ինչպես են Նորքի Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցներում ասֆալտապատում իրականացնում առանց նախնական բիտումային շերտի։
«Տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք»,- հայտարարեց Ավինյանը՝ քննադատելով վերահսկողության բացակայությունը։ Նա նշեց, որ «Բալահովիտ-1» ընկերությունը պետք է «իրեն կարգի բերի» և ապահովի մշտական վերահսկողություն, քանի որ առանց դրա աշխատանքները թերի են կատարվում։
Պատասխանատու պաշտոնյան պարզաբանեց, որ նշված դեպքը տեղի է ունեցել աշխատանքների արագ կազմակերպման պատճառով, քանի որ այդ օրը շինարարությունն ընթացել է միաժամանակ երկու վայրում։ Նրա խոսքով՝ տեսանյութում արձանագրված հատվածը հետագայում բերվել է պատշաճ կարգի։ Սևոյանը նաև նշել է, որ իր ներկայությամբ բիտումը միշտ լցվել է, ինչին քաղաքապետը հակադարձել է, որ խնդիրներն ի հայտ են գալիս հենց վերահսկողի բացակայության ժամանակ։
«…օրը ցերեկով ի՞նչ է նշանակում ասենք մի մարդ չունեք գնա կողքները կանգնի տեսի ինչ են անում։ Կամ լավ, ասենք ո՞ր դարն է էլի, ասենք բիտումի վրա երկու կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրենք գիտակցու՞մ են»,- ասաց քաղաքապետը։
Ի հակադրություն այս խնդիրների՝ փոխքաղաքապետ Արմեն Փամբուղչյանը դրական գնահատեց Աջափնյակ վարչական շրջանում ընթացող աշխատանքները։ Նա փաստեց, որ Նազարբեկյան և 16-րդ թաղամասերում շինարարների թե՛ ինտենսիվությունը և թե՛ որակը գոհացուցիչ են։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը զեկուցեց, որ շաբաթ օրվանից սկսվել են բակային տարածքների փոսալցումները, և արդեն ներգրավվել է երկրորդ շինարարական խումբը։