Նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում կգործի բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը | armenpress.am

armenpress.am Երևանում նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքաշինական ներդրումային ծրագիր է մշակվել և համապատասխան մրցույթ անցկացվել։

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում այդ մասին զեկուցեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։

«Նախաորակավորման փուլի ընթացքում դիմել են 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսը որակավորվել են։ Արդեն ուղարկել ենք, որպեսզի առաջարկներն ամբողջական ներկայացնեն, որի վերջնաժամկետը մարտի 3-ն է։ Դրանից հետո արդեն կամփոփենք՝ վերջնական տեխառաջադրանք, բանակցություններ և պայմանագրի կնքում։ Ակնկալում ենք, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն»,-ներկայացրեց Բաբայանը։

Նա մանրամասնեց, որ այդ առաջարկների շրջանակում ակնկալվում է հարակից տեղանքում որոշակի լուծումներ՝ ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի մշակում, որով հնարավոր կլինի ներդրումային փաթեթ ձևավորել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ հանձնարարականի տրամաբանության համաձայն՝ նախատեսվող «Աջափնյակ» կայարանի հատվածում կիրականացվի բիզնես տրամաբանությամբ ծրագիր, ինչը որոշակիորեն կմեղմի կայարանի կառուցման ծախսերը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն օրերս կայացած ասուլիսի ժամանակ չէր բացառել, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարի։ Նա նշել էր, որ պրոցեսը մի փոքր ձգձգվել էր, բայց արդեն կան արդյունքներ, որոնք թույլ են տալիս հայտարարել մետրոյի նոր կայարանի շինարարության մրցույթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն