armenpress.am Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական զբոսաշրջությանը և կոնկրետ ծրագրեր է նախատեսում այս ուղղությունը զարգացնելու համար։ Դա բխում է զբոսաշրջության ռազմավարությունից։ Դեռ նախորդ տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնեց ու անցկացրեց բժշկական զբոսաշրջության համաժողով, որում ընդգրկված էին թե՛ պետական կառույցների, թե՛ մասնավոր հատվածի, բուժհաստատությունների, ապահովագրական, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ ընթացիկ տարում այս ուղղությամբ ևս առաջ կգնան։
«ՄԱԿ-ի հետ համատեղ այս տարի անցկացնելու ենք բժշկական զբոսաշրջության համաժողով։ Հայաստանում կլինեն այնպիսի երկրների մասնագետներ, որոնք ունեն հաջողված փորձ այս ոլորտում։ Սա շատ լավ հնարավորություն է մեզ համար»,-ասաց Լուսինե Գևորգյանը։
Ոլորտի զարգացման համար շուտով կգործարկվի նոր թվային գործիք։ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կգործարկվի հարթակ, որտեղ հասանելի կլինեն հայաստանյան բժշկական ծառայությունները, մասնագետները։
«Որակյալ բժշկական ծառայությունները մեկ տեղում հասանելի կլինեն զբոսաշրջիկների համար։ Այսինքն, միևնույն հարթակում հնարավոր կլինի գտնել տարբեր բժշկական ծառայություններ, լավագույն բժիշկներին, որոնք ունեն լիցենզիա, դրանից բացի կապվել ապահովագրողի, զբոսաշրջային օպերատորների հետ, կնքել պայմանագիր։ Հարթակում ներկայացված կլինեն ամենատարբեր բժշկական ծառայություններ, այդ թվում՝ բարդ վիրահատություններ»,-ասաց Լուսինե Գևորգյանը՝ ընդգծելով, որ նման դեպքում պաշտպանված կլինեն թե՛ բժիշկը, թե՛ զբոսաշրջիկը։