Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնման ծրագրերը. ՇՄ նախարար

Որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CoP17-ը հյուրընկալող և այնուհետև կոնվենցիայի շրջանակում գործընթացները նախագահող երկիր, Հայաստանը կենսաբազմազանության վերականգնումը դարձրել է գործնական օրակարգ՝ անցնելով խոսքից դեպի չափելի արդյունքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Այսօր մենք իրականացնում ենք բազմաբնույթ ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված բնական միջավայրերի վերականգնմանը, տեսակների պահպանությանը և էկոհամակարգերի առողջացմանը։

Այսպիսով՝

Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվել են մանրաձկան բացթողնման աշխատանքները․ նախատեսված 500 000 հատի փոխարեն 2025 թվականին լիճ է բաց թողնվել շուրջ 836 000 հատ ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ՝ նախորդ տարվա 390 000 հատի դիմաց։

Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրել ենք ծնողական կազմ, որից նախատեսում ենք ստանալ 200. 000 հատ մանրաձուկ և 2027 թվականին բաց թողնել լիճ։ Ի դեպ սա աննախադեպ գործընթաց է։

Հավաքագրվել է կարմրախայտի 2 500 հատ ծնողական կազմ, իրականացվել է արհեստական վերարտադրություն, և ստացվել է շուրջ 80 000 հատ մանրաձուկ, որից 50 000 հատը բաց կթողնենք Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներով հիմք է դրվում գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնային պաշարների վերականգնմանը։

Շարունակում ենք բնություն վերադարձնել անհետացած համարվող ազնվացեղ եղջերուներին․ 2025 թվականին բնություն ենք բաց թողել 9 առանձնյակ։ Արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը ցույց է տալիս, որ վերականգնման աշխատանքները արդյունք են տալիս։ Ներկայումս ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ։

Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնման ծրագրերը»,- գրել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն