ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» հիմնարկեքի արարողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը։

Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ։

Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։

EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի  տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացնողներին՝ ԵՄ գործընկերներին, Թումո կենտրոնին, նախագծի հեղինակին: Վարչապետն իր խոսքում անդրադարձել  է ժողովրդի և ապագայի միջև առկա տարածությանը և նշել, որ  այն հաղթահարելու համար ապագան պետք է բերել և տեղադրել այսօրվա մեջ, որովհետև եթե ապագան այսօրվա մեջ չէ, այն գործնականում գոյություն չունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն