ՇՄ նախարարը և Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակել COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՇՄ նախարարությունը։

«Ողջունելով դեսպանին՝ կարևորեցի Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխվստահության վրա հիմնված համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով երկկողմ օրակարգի ընդլայնման և ոլորտային գործընկերության խորացման պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել Երևանում նախատեսվող COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ՝ ընդգծելով Ղազախստանի Հանրապետության բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը և այդ ուղղությամբ շարունակական համակարգված համագործակցության անհրաժեշտությունը։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել ջրային ոլորտի կառավարման հիմնախնդիրներին։ Քննարկել ենք ջրային ռեսուրսների կայուն կառավարման, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան ջրային կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործողությունների սիներգիային ուղղված մոտեցումները՝ հաշվի առնելով գլոբալ բնապահպանական օրակարգի ներկայիս առաջնահերթությունները։

Պարոն դեսպանը ներկայացրել է Ղազախստանի կողմից նախաձեռնվող Միջազգային ջրային կազմակերպության հիմնադրման գաղափարը՝ անդրադառնալով նախաձեռնության նպատակներին և ակնկալվող գործառույթներին։ Քննարկվել են նաև դրա շրջանակում հնարավոր համագործակցության հեռանկարները, ներառյալ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղությունները։

Իմ հերթին ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչպես նաև Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով դրանց նշանակությունը թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման տեսանկյունից։

Անդրադարձ ենք կատարել նաև առաջիկա միջազգային համաժողովներին ու հարթակներին, որոնց շրջանակում հնարավոր կլինի շարունակել երկխոսությունը և վերահաստատել համագործակցության առաջնահերթությունները»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն