Որքա՞ն կավելանա կենսաթոշակը․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնել է, թե ինչպես են հաշվարկելու կենսաթոշակի բարձրացումն ու որքան է այն կազմելու։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին հայտարարել է, որ կենսաթոշակը կբարձրանա։

«Կա հիմնական կենսաթոշակ հասկացություն, որը կազմում է 24 000 դրամ։ Այն դառնալու է 34 000 դրամ։ Այսինքն` բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 000 դրամը ներառյալ, այսուհետև հաշվարկվելու են 34 000 դրամով, հետևաբար բոլորի կենսաթոշակները բարձրանալու են 10 000 դրամով։ Բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 000 դրամ է, հետևաբար այն դառնալու է 46 000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է քաղաքացիներին, որոնք բավարար աշխատանքային ստաժ չունեն»,- ասել է Թորոսյանը։

Նա վստահեցրել է՝ դրանից ցածր կենսաթոշակ կամ նպաստ չի լինելու։

Թորոսյանի խոսքով՝ բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները. «Առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար թոշակը կբարձրանա 10 000 դրամով։ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 000 դրամ, 47 500 և 49 000 դրամ»:

Թորոսյանը նաև ընդգծել է, որ պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները. «Այստեղ բարձրացումները մի փոքր այլ կլինեն․ միջին բարձրացումը մոտ 8000 դրամ կլինի, բայց որոշ դեպքերում էլ կլինի 10 000 կամ 15 000 դրամ։ Որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր կլինի այդ բարձրացումը։ Ըստ նախարարի՝ այս կենսաթոշակները բավականին բարձր են, միջինը մոտ 100 000 դրամ է»:

«Բարձրանալու են նաև որոշ քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք համեմատաբար ցածր են։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը։ Ապրիլի 1-ից բոլորն այդ տարբերակով են ստանալու, չհաշված հետվճարը 20 տոկոսի չափով»,- ասել է Թորոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն