Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հայտարարում է Աժ ընտրություններին մասնակցելու մասին

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը մասնակցելու է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։

Այս մասին ՀՀՄ 3-րդ համագումարում տեսակապի միջոցով հայտարարել է ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը:

«ՀՀՄ-ն պարտադիր կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով, մեծ կոնսոլիդացիայով։ ՀՀՄ-ն, գիտակցելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները, անելու է ամեն ինչ՝ կանխելու այս մահաբեր գահավիժումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը այս պահին հետախուզման մեջ է: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի ՀՀ ԱԱԾ-ում հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող «Մրգենի» ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի՝ բանանի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 1 տոննա (քրեական վարույթում դրա քաշը նշված է 788 կգ) «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ։

Մեկ այլ քրեական գործով էլ Պողոսհանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն