Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. ՏԿԵ նախարար

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։

Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։

Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,- գրել է նա։

Ավելի վաղ «Վեոլիա Ջուրը» հայտնել էր, որ Հայաստանի բազմաթիվ հասցեներում 2026թ. ջրամատակարարման գրաֆիկը փոփոխվել է՝ մանրամասնելով, որ որոշ հասցեներում գրաֆիկը կլինի 17 ժամ։

«Վեոլիա ջուր»-ը պարզաբանել էր, որ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ջրամատակարարման ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումով, եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն