Ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2027-ին. գործադիրը հաստատեց նոր հայեցակարգը

ՀՀ կառավարությունը 2026թ. փետրվարի 2-ի նիստում հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգը:

Հիշեցնենք, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2023թ. ապրիլի 21-ի որոշմամբ ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Ապա ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ հաստատվել էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, որի հիման վրա արդեն իսկ իրականացվել են մի շարք աշխատանքներ:

Նոր հայեցակարգը, ըստ հիմնավորման, վերոնշյալի լրամշակված և համալրված տարբերակն է, որը մշակվել է հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կառուցվածքում կիրականացվի նաև  ավելի վաղ շրջանառության մեջ դրված Տաղանդների զարգացման ծրագրի պիլոտային տարբերակը՝ «հաշվի առնելով երկու ծրագրերի տրանսֆորմացիոն բնույթը և այն, որ երկու ծրագրերի գլխավոր նպատակն էլ մարդկային կարողությունների և տաղանդի բացահայտումն ու զարգացումն է»:

Նոր հայեցակարգում նշվում է՝ ծրագիրը ՀՀ խոշորագույն ռազմավարական նախաձեռնություններից է՝ միտված ստեղծելու համաշխարհային մակարդակի գիտակրթական, հետազոտական, նորարարական և տեխնոլոգիական էկոհամակարգ։

Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու համար ներգրավվել է միջազգային «Էրնսթ ընդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը, որը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, մարտի ընթացքում կավարտի աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ծրագրի ներդրումային փաթեթն ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները:

Ինչ փուլերով են իրականացվելու Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները՝

  • 2025-2030թթ. – տարածքի նախապատրաստման կարևորագույն իրավական, տեխնիկական, ենթակառուցվածքային և բնապահպանական աշխատանքների, բուհական համակարգում բարեփոխումների օրակարգին համահունչ աշխատանքներըի իրականացում և այլն.
  • 2027-2030թթ. – Տեխնոլոգիական կլաստերի, ուսանողական կացարանների, միջազգային մեկ բուհի կառուցում.
  • 2030-2034թթ. – Կրթական, Արվեստների և Սպայական կլաստերների, միջազգային բուհերի համար նախատեսված տարածքների, աշխատակիցների կացարանային ֆոնդի, ազգային ստադիոնի կառուցում և այլն.
  • 2034-ից հետո – տարածքի գլխավոր հատակագծի ամբողջական ծավալով կառուցապատում՝ Դասական և Բժշկական կլաստերների ավելացում, երկաթուղային կայարանի կառուցում:

 

Նախագծման աշխատանքների մասով՝ 2025թ. դեկտեմբերին հաստատման է ներկայացվել գլխավոր հատակագիծը, և տարբեր բաղադրիչների նախագծման աշխատանքները կիրականացվեն շարունակական ձևաչափով:

Կառուցման աշխատանքների մի փուլը նախատեսվում է ավարտել մինչև 2029թ. դեկտեմբեր: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախորդ տարի մեկնարկել էին տարածքի մաքրման աշխատանքները. «2.7 հա տարածք ըստ էության մաքրվել է աղբից, և շուրջ 10 000 խմ աղբ հանվել է տարածքից, և սա հնարավորություն է տալիս այս նախապատրաստական աշխատանքներից հետո կարողանանք մեկնարկել բուն ենթակառուցվածքների հետ կապված գործերը»:

Նախարարը նշեց, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027թ.՝ հետևյալ աշխատանքների իրականացմամբ. «Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողներին հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ: Կմեկնարկեն և կիրականացվեն նաև հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի, համաժողովների կենտրոնի կառուղումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74 000 քառ. մ, ավելի քան 628 000 քառ. Մ ընդհանուր մակերեսով Տեխնոլոգիական կլաստերի կառուցումը՝ իր կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով»:

Ըստ հայեցակարգի՝ հաջորդող փուլերի քանակը, բովանդակությունը և ժամանակացույցը կհաստատվեն հետագա փուլում՝ առաջին փուլի իրականացման ընթացքում։

Երրորդ՝ սպասարկման փուլը ամբողջ ծավալով կմեկնարկի 2030թ. հունվարից, այսինքն՝ կառուցման առաջին փուլի ավարտից հետո։ Նախատեսվում են տարածքների կոմունալ սպասարկման, ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքների աշխատանքի ու  տրանսպորտային կապի համակարգման, անվտանգության ապահովման, ինչպես նաև ընթացիկ բարեկարգումների և պահպանման աշխատանքներ։

Բացի այս՝ կառուցման առանձին փուլերի ավարտին զուգահեռ կկազմակերպվի արդեն հանձնված ենթակառուցվածքների սպասարկումը:

Նշվում է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չեն խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի շարունակական զարգացմանը, և որևէ ընթացիկ ծրագիր չի դադարեցվելու, իսկ տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց գործունեությունը կշարունակեն գործող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերների շրջանակում կհանձնվեն համապատասխան նոր ենթակառուցվածքները:

«Տեղափոխումից հետո ազատված անշարժ գույքն ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է Ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»,- ասվում է հայեցակարգում:

Ծրագրի հաջող իրականացման կարևոր պայման է այն, որ Ակադեմիական քաղաքում տեղակայվելիք խոշորացված համալսարաններում հիմնովին վերանայվեն հետազոտություների, մշակումների և կրթական գործընթացների կազմակերպման մեթոդաբանությունն ու կրթության բովանդակությունը, և որ այս գործընթացը կընթանա ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծմանը զուգընթաց:

Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքներին, ապա Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու վեց կլաստերից, որոնք ձևավորվելու են համապատասխան վեց խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝

  • տեխնոլոգիական կլաստեր,
  • արվեստների կլաստեր,
  • կրթական կլաստեր,
  • սպայական կլաստեր,
  • դասական կլաստեր,
  • բժշկական կլաստեր:

 

«Հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացվում են Կրթական կլաստերի ձևավորման, Արվեստի կլաստերի բնովանդակության և կառուցվածքի մշակման [աշխատանքներ], ինչպես նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք Դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու և այս աշխատանքներն էլ առաջ տանելու»,- հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայեցակարգում նշվում է, որ հետագայում յուրաքանչյուր կլաստերի շուրջ միջազգային գործընկերների ներգրավմամբ իրականացված աշխատանքների արդյունքներով կձևավորվեն նաև կլաստերների հայեցակարգերը և դրանց ձևավորման ճանապարհային քարտեզները։

Ակադեմիական քաղաքը բաց է լինելու նաև այն միջպետական և ոչ պետական բուհերի ու գիտական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման համար, որը նախատեսվում է երկու ձևաչափով` բարձր տեխնոլոգիական և սպասարկման կամ աջակցող:

Ըստ հայեցակարգի՝ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին և մարզերին կապվելու է երեք տարբերակներով`

  • ավտոմոբիլային (վերգետնյա) տրանսպորտի միջոցով,
  • երկաթգծի միջոցով,
  • մետրոյի միջոցով:

 

Ծրագրի թիրախներից է ՀՀ գիտակրթական համակարգի միջազգային ճանաչման բարձրացումը: Նշվում է, որ առնվազն 4 բուհ պետք է ներառվեն միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում:

Այլ թիրախներից են օտարերկրյա ուսանողների թվի առնվազն կրկնապատկումը, ժամանակակից լաբորատորիաների, գրադարանների, ուսանողական կացարանների, ազգային մարզադաշտի և տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, մասնավոր հատվածի հետ արդյունավետ փոխգործակցության միջավայրի ձևավորումը:

Կառավարությունն ակնկալում է, որ այս որոշումը կնպաստի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքի թափանցիկությանը, կապահովի Հիմնադրամի առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը, կխթանի ծրագրի բնույթի մասին հանրության համակարգված իրազեկումը, ինչպես նաև կնպաստի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում բացառիկ ընդունակություններ ունեցող անձանց բացահայտմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն