ՀՀ կառավարությունը հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը:
Համապատասխան որոշման նախագիծը քննարկվեց ՀՀ կառավարության թետրվարի 26-ի նիստին:
Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն՝
1) ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման.
2) ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները
3) ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները,
4) գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,
5) մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
6) ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները,
7) ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,
8) սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների։
Նշենք, որ այս որոշման շրջանակում ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: