Հայաստանը դեռ որոշում չունի մոդուլային ատոմակայանի մոդելի ընտրության հարցում․ վարչապետ | civilnet.am

civilnet.am  Հայաստանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ երկրի մոդելը կընտրվի մոդուլային տիպի ատոմակայանի կառուցման համար, և ներկայումս հետազոտում է միջազգային տարբեր առաջարկներ։ Այս մասին փետրվարի 25-ին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ։ Եվ մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Այս գործընթացը շարունակվում է, դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկները»,- նշել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը պարզաբանել է, որ հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի սրընթաց զարգացումը, Հայաստանն այլևս մեծ ատոմակայանի կարիք չունի։

«Մեր փորձագետների գնահատականով՝ մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի միջուկային կայան ենք ունենալու»,- հավելել է նա։

Վարչապետի խոսքով՝ էներգետիկայի բազմազանեցումը պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ հասնելու էներգետիկ անկախության։

Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։

Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։

Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն