civilnet.amԱպրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու օբյեկտիվ հանգամանքներ են ի հայտ եկել, այն է՝ 2025-ի տնտեսական աճի ցուցանիշը՝ 7,2 տոկոս։ Այս մասին փետրվարի 26ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Ըստ նախարարի՝ մինչ այս նման որոշում կայացնելը ռիսկային էր։
«Որոշում է կայացվել 667 հազար թոշակառուի կենսաթոշակը բարձրացնել 10,000 դրամով, որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ՝ մինչև տասնյակ հազար դրամներ, շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7000-8000 դրամ, խոսքը վերաբերում է փոքրաթիվ քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում՝ միջինից երկու անգամ բարձր»,- ասաց նախարարը
Թորոսյանի խոսքով՝ այս տարի այդ ծախսը հոգալու համար անհրաժեշտ կլինի մոտ 80 մլրդ դրամ։ Նախարարը վստահեցնում է, որ այդ գումարը կա պետական բյուջեում և վերաբաշխումների միջոցով կտեղափոխվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե։
Կենսաթոշակներն ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացնելու մասին փետրվարի 25-ին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թեև 2025-ին Հայաստանում գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ՝ գերազանցելով բյուջեով նախատեսված 5,6 տոկոսի կանխատեսումը, տնտեսական այս ակտիվությունը չի հանգեցրել պետական գանձարան հարկային մուտքերի համաչափ ավելացման: Պաշտոնական տվյալներով՝ պետական բյուջեի սկզբնական՝ 2 տրիլիոն 720,3 միլիարդ դրամ պլանի նկատմամբ հարկերի և տուրքերի հավաքագրումն ապահովվել է 100,2 տոկոսով, սակայն տարվա ընթացքում օրենսդրական փոփոխություններով վերանայված և ավելացված 2 տրիլիոն 729,4 մլրդ դրամ նոր ցուցանիշի դիմաց արձանագրվել է հավաքագրումների թերակատարում՝ կազմելով 99,8 տոկոս: