azatutyun.am «Վեոլիա Ջուր» ընկերությունը Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխման որոշումը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարեցերին:
Ղալամքարյանը նշեց՝ այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է. «Վեոլիան» չի խաբում, նախապես ասում է՝ «ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարող ապահովել»: Այսինքն, ունենալու ենք ջրանջատումներ: Հարցը ջրանջատումների տևողությունն է»:
Ըստ կոմիտեի նախագահի՝ նույն ժամանակացույցը, 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նախորդ տարվա նոյեմբերին ու այսպիսի աղմուկ և աժիոտաժ չի առաջացել: Ընդամենը 3 հասցեի փոփոխություն է եղել:
«Հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում է, բայց մի բան հստակ է՝ «Վեոլիան» ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցն ինչն էլ արել է: Մեր խնդիրն այն է, որ կարելի է այդ ժամանակացույցը լավարկել՝ ջարնջատումների կարճ հատվածներ լինի, այսինքն, ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինի տարբեր բնակավայրերում: Կառավարությունն իր կողմից երեկ ևս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու, որ լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան: Այդ պլաններն ունեինք, որի գաղափարը հղացել է 3 տարի առաջ, իմ նշանակումից հետո այդ ուղղությամբ ռեալ քայլեր ենք արել», – ասաց Ղալամքարյանը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը ավելի լավ ռեժիմով ջրամատակարարում ունենալ: Ղալամքարյանի պնդմամբ՝ ներդրումային ծրագրեր են իրականացնելու՝ ենթակառուցվածքների կապիտալ թարմացման, նոր ջրաղբյուրներ են բերելու և կարգավորումներում են փոփոխություններ անելու, որոնք ռեժիմի փոփոխության են բերելու. «Երկու շաբաթ ժամանակ տվեք կաշխատենք ՀԾՀ-ի ու «Վեոլիա Ջուր»-ի հետ և արդյունքների մասին կիմանաք:
Լրագորղների հարցին՝ մտահոգություն կա՞, որ ընտրություններից հետո շարունակվելու են 17-ժամյա ջրային գրաֆիկը, Ղալամքարյանը պատասխանեց՝ այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, հավաստիացնում եմ, որ ժամերի ավելացում կունենանք:
Հիշեցնենք՝ երեկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, ինչը առաջացրել էր քաղաքացիների դժգոհությունները։
«Վեոլիա ջուր»-ը պարզաբանել էր՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ջրամատակարարման ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացումով, եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ավելի ուշ հայտնել է, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։