Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ներդրումային գրավչությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարությունը, արձանագրված առաջընթացն ու առաջիկա նպատակները պարբերականի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ ընդգծելով, որ երկիրը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումներին՝ շեշտադրելով պետական աջակցության 7-ամյա ծրագրի նշանակությունը, որի շրջանակում ներդրվել են հարկային արտոնություններ և ֆինանսական աջակցության մրցունակ մեխանիզմներ՝ նպատակ ունենալով արագացնել տեխնոլոգիական ոլորտի աճը և բարձրացնել միջազգային մրցունակությունը։
Ծրագրով՝ տեխնոլոգիական ընկերություններին տրամադրվում է մինչև 60% եկամտային հարկի հետվերադարձ՝ նոր աշխատատեղերի ստեղծման, արտերկրից մասնագետների ներգրավման դեպքում, մինչև 50% փոխհատուցում՝ աշխատակիցների վերապատրաստման ծախսերի համար, ինչպես նաև շահութահարկի և շրջանառության հարկի արտոնյալ պայմաններ՝ գիտահետազոտական աշխատանքներ և փորձարարական մշակումներ (R&D) իրականացնող կազմակերպությունների համար։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ թեև Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով փոքր երկիր է, սակայն տեխնոլոգիական ոլորտը հասել է զգալի հաջողությունների։ Ներկայում ոլորտում ներգրավված է ավելի քան 50,000 աշխատակից, իսկ տեխնոլոգիական արդյունաբերությունը ՀՆԱ-ում ապահովում է ավելի քան 7% մասնաբաժին՝ արձանագրելով կայուն և դինամիկ աճ։
Նախարարի խոսքով՝ երկրի ռազմավարական նպատակն է «կոդ գրող» երկրից վերածվել իրական տեխնոլոգիական հանգույցի, որտեղ նախագծվում, արտադրվում և ամբողջ աշխարհին է առաջարկվում հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքը։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում չկա որևէ իրավական սահմանափակում կամ պահանջ՝ տեղական ընկերությունների հետ պարտադիր գործընկերության վերաբերյալ։ Փոխարենը, բազմաթիվ կորպորացիաներ ձեռք են բերում հայկական ստարտափներ կամ համագործակցում են նրանց հետ՝ բացառիկ տաղանդներ և ինովացիոն ռեսուրսներ ներգրավելու նպատակով։
Անդրադառնալով ստարտափ էկոհամակարգի զարգացմանը՝ նախարարն ընդգծել է, որ այն դիտարկվում է որպես ոլորտի կենսունակության և երկարաժամկետ աճի հիմք։ Վերջին տարիներին Հայաստանը ձևավորել է ակտիվ նորարարական միջավայր՝ շնորհիվ միջազգային գործընկերությունների և աքսելերացիոն ծրագրերի։ Մասնավորապես, Երևանում մշտական ներկայություն ունի աշխարհի խոշորագույն աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան Plug and Play-ը, որը սերտորեն համագործակցում է պետական հատվածի հետ՝ աջակցելով հայկական ընկերություններին գլոբալ շուկաներ դուրս գալու և միջազգային հարթակներում դիրքավորվելու հարցում։
Որպես հայկական տեխնոլոգիական մտքի հաջողության օրինակ՝ նախարարը մատնանշել է Picsart ընկերությունը, որը տեղական փոքր ստարտափից վերածվել է միլիարդավոր դոլարների գնահատմամբ (unicorn) գլոբալ հսկայի։
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև արհեստական բանականության (AI) զարգացմանը՝ այն բնորոշելով որպես Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման առանցքային և ռազմավարական ուղղություն։
Այս համատեքստում նախարարը հատուկ կարևորել է 2025թ օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը, որը նշանավորում է համագործակցության նոր փուլ՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ԱԲ զարգացումը, այդ թվում՝ Firebird-ի հետ իրականացվող նախագիծը և ԱԲ տվյալների կենտրոնների (Data Centers) ենթակառուցվածքների տեղակայումը, ունեն ռազմավարական նշանակություն։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև ԱԲ վիրտուալ ինստիտուտի գործունեությունը, որը նորարարներին և ստարտափներին առաջարկում է անհրաժեշտ ամպային (cloud) ռեսուրսներ ու պատրաստի տեխնոլոգիական լուծումներ՝ խթանելով արհեստական բանականության ոլորտում նոր նախագծերի արագ և արդյունավետ իրականացումը։
Հոդվածն ամբողջությամբ՝ Armenia_report_2026.pdf