Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի երկրորդ օրը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպմամբ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը։

Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով։

Լեհաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը՝ հատկապես տնտեսության, ենթակառուցվածքների, անվտանգության, կրթության, գիտության և այլ ոլորտներում։ Դոնալդ Տուսկը նաև ընդգծել է Լեհաստանի կառավարության շահագրգռությունը Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման և խորացման հարցում, այդ թվում՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով Լեհաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։

Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական համագործակցության խթանումը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է Լեհաստանի դերակատարությունը Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման գործընթացում։

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, TRIPP նախաձեռնության իրականացման ընթացքին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն