Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ չի ընդունի, եթե որևէ մեկը «երկիրը ներքաշի արկածախնդրությունների մեջ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը և միասնությանը»․ այս հայտարարությունը դիտվում է որպես անուղղակի ուղերձ «Հեզբոլլահին», որպեսզի այն չմիջամտի հաջակցություն Իրանի, գրում է CNN-ը։
«Տարածաշրջանում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների պայմաններում կրկին կոչ եմ անում բոլոր լիբանանցիներին ցուցաբերել իմաստություն և հայրենասիրություն՝ Լիբանանի և լիբանանցիների շահերը վեր դասելով ամեն ինչից»,- գրել է Սալամը X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Ես վերահաստատում եմ, որ չենք թույլատրի որևէ մեկին երկիրը ներքաշել արկածախնդրությունների մեջ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը և միասնությանը»։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։