Իրանի զինված ուժերը վճռական պատասխան կտան ագրեսորներին. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական հարձակման վերաբերյալ։

«ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը, կոպտորեն խախտելով Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը, հարվածներ են հասցրել երկրի տարբեր քաղաքներում գտնվող մի շարք թիրախների, պաշտպանական ենթակառուցվածքների և ոչ ռազմական օբյեկտների։

ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի նոր ռազմական ագրեսիան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանը և ԱՄՆ-ն գտնվում էին դիվանագիտական գործընթացի մեջ։

Չնայած Իրանը տեղեկացված էր հնարավոր նոր հարձակման մտադրությունների մասին, այն մասնակցել է բանակցություններին՝ միջազգային հանրությանը ցույց տալու Իրանի իրավացիությունը և ապացուցելու ագրեսիայի համար որևէ արդարացման բացակայությունը։

Այժմ Իրանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ պատերազմի կանխման համար իրականացրել է անհրաժեշտ բոլոր քայլերը։

Այժմ ժամանակն է պաշտպանել հայրենիքը և դիմակայել թշնամու ռազմական հարձակմանը։ Ինչպես բանակցությունների համար պատրաստ էինք, այնպես էլ այսօր առավել քան երբևէ պատրաստ ենք պաշտպանել Իրանի անվտանգությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ագրեսորներին»։

Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը և հանդիսանում են Իրանի դեմ բացահայտ զինված ագրեսիա։

«Այս ագրեսիային պատասխանելը Իրանի օրինական և իրավաչափ իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և երկրի զինված ուժերը կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները ագրեսիան հետ մղելու համար։

Իրանը հիշեցնում է ՄԱԿ-ի և դրա Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջազգային խաղաղության և անվտանգության խախտման դեմ՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի բացահայտ ռազմական ագրեսիայի պայմաններում, և կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդի անդամներին հնարավորինս արագ կատարել իրենց պարտականությունները։

ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից, հատկապես տարածաշրջանի և իսլամական երկրների, Չմիավորված երկրների շարժման անդամներից և միջազգային խաղաղության համար պատասխանատվություն կրող բոլոր պետություններից ակնկալվում է վճռականորեն դատապարտել այս ագրեսիան և անհապաղ հավաքական քայլեր ձեռնարկել, քանի որ այն աննախադեպ վտանգի տակ է դնում տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը։

Այս պատմական փորձության պահին Իրանի զինված ուժերը, ոգեշնչվելով երկրի հերոսական ժառանգությունից, Աստծո օգնության հավատով և ազգային ուժի վրա հենվելով, չեն երկմտի հայրենիքի պաշտպանությունում։

Պատմությունը ցույց է տալիս, որ իրանցիները երբեք չեն խոնարհվել օտարերկրյա ագրեսիայի առաջ։ Այս անգամ ևս Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ, և ագրեսորներին կստիպի զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն