Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ.
«Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը սկսել են Իրանի տարածքի դեմ ավիահարվածներ իրականացնել։
Այս անխոհեմ քայլին նախորդած ռազմաքաղաքական և քարոզչական լայն նախապատրաստությունների մասշտաբն ու բնույթը, այդ թվում՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշոր ռազմական ուժերի կենտրոնացումը, կասկած չեն թողնում, որ սա նախապես պլանավորված և չհրահրված զինված ագրեսիա է՝ ուղղված ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան և անկախ պետության դեմ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի խախտմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտելի է համարում նաև այն փաստը, որ հարձակումները կրկին իրականացվում են վերականգնված բանակցային գործընթացի պայմաններում, «որոնք ենթադրաբար պետք է ապահովեին Իրանի շուրջ իրավիճակի երկարաժամկետ կարգավորում, և հակառակ ռուսական կողմին փոխանցված ազդակներին, թե իբր Իսրայելը շահագրգռված չէ Իրանի հետ ռազմական դիմակայությամբ»։
«Միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ի ղեկավարությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), պարտավոր են անհապաղ օբյեկտիվ և սկզբունքային գնահատական տալ այն գործողություններին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և անվտանգության խաթարմանը։
Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերթական անգամ սկսել են վտանգավոր արկածախնդրություն, որը տարածաշրջանը արագորեն մոտեցնում է հումանիտար, տնտեսական և, չի բացառվում, նաև ռադիոլոգիական աղետի։
Ագրեսորների մտադրությունները բացահայտ են՝ քանդել իրենց համար անցանկալի պետության սահմանադրական կարգը և վերացնել դրա ղեկավարությունը, որը հրաժարվել է ենթարկվել ուժային թելադրանքին և հեգեմոնիային։ Ստեղծված ճգնաժամի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ դրվում է նրանց վրա»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Հայտարարության համաձայն՝ անտեսվում են նաև այդ քայլերի ծանր հետևանքները միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի համար, որի հիմքում գտնվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Միաժամանակ ԱՄՆ-իսրայելական դաշինքը, ըստ Մոսկվայի, իր գործողությունները ներկայացնում է որպես Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու փորձ, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների տակ գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծումը անթույլատրելի է։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի իրական նպատակները կապ չունեն չտարածման ռեժիմի հետ, և նման գործողությունները կարող են խթանել այլ երկրների՝ հատկապես տարածաշրջանում գտնվող, զարգացնել ավելի լուրջ պաշտպանական կարողություններ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն առանձնահատուկ մտահոգություն է հայտնում վերջին ամիսներին ԱՄՆ վարչակազմի կողմից իրականացվող քայլերի կապակցությամբ, որոնք, ըստ հայտարարության, խարխլում են միջազգային իրավակարգի հիմնասյուները՝ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը և միջազգային վեճերի խաղաղ կարգավորումը։
Ռուսաստանը պահանջում է անհապաղ իրավիճակը վերադարձնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման դաշտ և հայտնում է, որ պատրաստ է աջակցել խաղաղ լուծումների որոնմանը՝ միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության հիման վրա։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։