Իրան բենզին

Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել

Իրանի բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել, բազմաթիվ իրանցիներ սկսել են դուրս գալ քաղաքներից՝ անվտանգ վայր փնտրելու համար, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վախ և խուճապ է տարածել ամբողջ երկրում։

Ականատեսների խոսքով՝ անվտանգության ուժերը փակել են ճանապարհները Թեհրանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակները և խորհրդարանը։

Ըստ նույն աղբյուրի՝ երկրի տարբեր հատվածներում մարդիկ շտապում են արտարժույթ գնել։ Նրանք գործակալությանը պատմել են, որ Սպահանի որոշ հատվածներում, որտեղ հարվածների վերաբերյալ հաղորդագրություններ կան, հնարավոր չի եղել բանկոմատներից գումար կանխիկացնել։

Միաժամանակ, իրանական Irna գործակալությունը գրում է, որ երկրի բոլոր բենզալցակայաններում վառելիքի մատակարարումն ու բաշխումը շարունակվում է կայուն և անընդհատ ռեժիմով։ Նշվում է, որ վառելիքի լիցքավորումը հեշտացնելու նպատակով մարդաշատ հատվածներում տեղակայվել են շարժական վառելիքամատակարարման մեքենաներ, իսկ բենզալցակայանները ամբողջ հզորությամբ պատրաստ են սպասարկել երկվառելիքային ավտոմեքենաներին։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Լուսանկարը՝ Irna-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն