news.am Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Մենք սերտ կապ ենք պահպանում տարածաշրջանի մեր գործընկերների հետ։ Այս մասին ասվում է ԵՄ ինստիտուտների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք վերահաստատում ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մեր անսասան հանձնառությունը։ Կարևորագույն նշանակություն ունեն միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել համաշխարհային չտարածման ռեժիմը։ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դաժան ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների դեմ և հետևողականորեն աջակցել է դիվանագիտական ջանքերին՝ նրա միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի հարցը բանակցությունների միջոցով լուծելու համար։
ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում գտնվող ԵՄ քաղաքացիները կարողանան հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը»,- ասվում է ԵՄ ղեկավարության հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։