Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել արաբական երկրների գործընկերների հետ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործուղության մեկնարկից հետո Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի և Իրաքի իր գործընկերների հետ։

Նա ներկայացրել է ընթացիկ զարգացումները և այդ ռազմական գործողությունը գնահատել որպես ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում և միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ բացահայտ հանցագործություն՝ ընդգծելով, որ Իրանը, հիմնվելով օրինական ինքնապաշտպանության իրավունքի վրա, կօգտագործի իր պաշտպանական և ռազմական բոլոր կարողությունները երկրի պաշտպանությունն ապահովելու համար։

«Արտաքին գործերի նախարարը, նշելով Իրանի պատրաստակամությունը շարունակելու բարի հարևանության և բարեկամության քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, հիշեցրել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը, որը արգելում է մասնակցել այլ պետության դեմ ագրեսիվ գործողություններին։

Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների պատասխանատվությունը՝ կանխելու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից իրենց տարածքների կամ հնարավորությունների օգտագործումը Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու նպատակով։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմը ուղղված է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի երկրների դեմ, և այդ պատճառով տարածաշրջանի և մահմեդական աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է իրականացնեն իրենց պատմական պատասխանատվությունը՝ դիմակայելու սիոնիստական ռեժիմի «չար ծրագրին»»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն