Աշխարհն արձագանքում է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողությանը

Աշխարհի մի շարք երկրներ արձագանքել են այսօր առավոտյան տարածաշրջանում սկսված նոր էսկալացիային, որը հաջորդեց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել: Մակրոնի խոսքով՝ Թեհրանը պետք է գիտակցի, որ իրեն որևէ այլընտրանք չի մնում, քան «բարեխիղճ բանակցություններ» սկսել և հրաժարվել իր միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագրերից:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի մասնակցել իսրայելա-ամերիկյան գործողությանը և չէր ցանկանա տեսնել այս տարածաշրջանային հակամարտության հետագա սրացում կամ ընդլայնում:

Բրիտանիայի իշխանությունները նաև ընդգծել են, որ վերջերս ամրապնդել են իրենց պաշտպանական կարողությունները Մերձավոր Արևելքում՝ բացառապես տարածաշրջանում իրենց քաղաքացիներին պաշտպանելու նպատակով: «Իրանին երբեք չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել, և հենց այդ պատճառով էլ մենք մշտապես աջակցում ենք բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու ջանքերին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելը նախապես տեղեկացրել է իրենց Իրանի դեմ նախատեսված հարվածների մասին: Կառավարության խոսնակը հայտարարել է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուշադիր հետևում է զարգացումներին և կապ է պահպանում եվրոպացի գործընկերների հետ: Մերցը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ։

Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ խոսել է իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի և տարածաշրջանային երկրների այլ պաշտոնյաների հետ։ Նա ասել է, որ ԵՄ-ն իր արաբ գործընկերների հետ ուսումնասիրում է հակամարտությունը դիվանագիտական​​ճանապարհով լուծելու տարբերակները։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի գրասենյակը հայտարարել է, որ իր զորակցությունն է հայտնում Իրանի քաղաքացիական բնակչությանը և պահանջում է հարգել իրանցիների քաղաքացիական և քաղաքական իրավունքները։

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» հարվածների մասին հաղորդագրություններից։ Երկրի իշխանությունները հակամարտության մեջ ներգրավված կողմերին «առավելագույն զսպվածության» և «միջազգային իրավունքի նկատմամբ լիարժեք հարգանքի» կոչ են արել։ Ցյուրիխում նաև ընդգծել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ իր երկիրը զորակցություն է հայտնում «Իրանի քաջարի ժողովրդին և զրկանքների դեմ նրանց պայքարին»։ Նա նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ ջանքերին՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ 

Լուսանկարը՝ իրանական Irna գործակալության / Մարզիե Սոլեյմանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն