Սիրիայի Սուեյդա քաղաքում իրանական հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությունը։
Վկայակոչելով ականատեսներին և բնակիչների տարածած տեսանյութերը՝ գործակալությունը գրում է, որ հրթիռի այլ բեկորներ ընկել են Սիրիայի հարավային Դարաա նահանգի Կունեյտրա քաղաքում և Յարմուկի ավազանում։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Լուսանկարը՝ Stringer/Getty Images, 2025 թվական, պայթյուն Սուեյդա քաղաքի մոտակայքում