azatutyun.am Դուբայի հայտնի Burj Al Arab հյուրանոցը և օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել են Ծոցի երկրներում օբյեկտների վրա գիշերային հարձակման հետևանքով, հաղորդում է Reuters-ը:
Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները:
Մերձավոր Արևելքի խոշորագույն օդանավակայանները, ներառյալ Դուբայի այս պահին փակ են մնում:
Ականատեսների խոսքով՝ կիրակի օրը Դուբայի տարածաշրջանային գործարար կենտրոնի շրջանում և Կատարի մայրաքաղաք Դոհայի երկնքում երկրորդ օրն անընդմեջ մի քանի պայթյուններ են հնչել:
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։