Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մարտի 1-ին հայտարարել է, որ իր հասցրած ավիահարվածների հետևանքով սպանվել է 40 իրանցի բարձրաստիճան զինվորական, այդ թվում՝ շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։
«Պրեվենտիվ օպերացիայի մեկնարկից ի վեր Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են 40 բարձրաստիճան հրամանատարի։ Սա պատմական հարված է, որը հնարավոր է դարձել ԻՊԲ հետախուզության շնորհիվ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է ԻՊԲ հայտարարության մեջ։
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ իսրայելական կործանիչները սպանել են Իրանի անվտանգության յոթ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հավաքվել էին Թեհրանի մի քանի վայրերում։ ԻՊԲ-ն պնդում է, որ սպանել է «իրանական ղեկավարության բարձրաստիճան զինվորականների մեծ մասին»։
«Նրանք սպանվել են առաջին հարվածի ժամանակ՝ մեկ րոպեի ընթացքում», – նշել է ՑԱԽԱԼ-ը։
Իրանական իշխանությունները դեռևս չեն հայտնել, թե քանի բարձրաստիճան զինվորական է սպանվել Իսրայելի հարվածների հետևանքով։ Պաշտոնական Թեհրանը հաստատել է, որ սպանվել են Գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին ու պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։