Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավը ենթարկվել է «անհայտ արկի» հարձակման․ UKMTO

Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավը ենթարկվել է «անհայտ արկի» հարձակման, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO)։

Նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Մինա Սաքր նավահանգստից հյուսիս-արևմուտք գտնվող նավը հարվածից հետո բռնկվել է։

«Հրդեհը մարվել է, և նավը մտադիր է շարունակել իր ուղևորությունը»,- ասված է UKMTO-ի հայտարարությունում։ Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում։

Հաղորդվում է, որ սա արդեն երրորդ հարձակումն է նավագնացության դեմ, որի մասին գործակալությունը հայտնել է այսօր՝ Օմանի մայրաքաղաք Մասկատից հյուսիս, ինչպես նաև Օմանի Կումզար բնակավայրի մերձակայքում՝ Հորմուզի նեղուցում ավելի վաղ գրանցված միջադեպերից հետո։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն