ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, որը ղեկավարում է Իրանի դեմ ընթացող ամերիկյան ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Օմանի ծոցում՝ Չահ Բահար նավահանգստի նավամատույցի մոտ, խորտակել է իրանական «Ջամարան» դասի կորվետ ռազմանավ։
«Ինչպես նախագահը [Դոնալդ Թրամփը] նշել էր, Իրանի զինված ուժերի, ԻՀՊԿ-ի և ոստիկանության անդամները պետք է վայր դնեն իրենց զենքերը։ Լքե’ք նավը»,- ասված է Կենտրոնական հրամանատարության գրառման մեջ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։