Աշխարհի ամենախոշոր կոնտեյներային բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ Maersk-ը, հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով կդադարեցնի բեռնատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
«Մենք մինչև հետագա ծանուցում դադարեցնում ենք Հորմուզի նեղուցով բոլոր նավերի անցումները»,- նշված է դանիական ընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունը ընդգծել է, որ անձնակազմի, նավերի և հաճախորդների բեռների անվտանգությունը մնում է իրենց գլխավոր առաջնահերթությունը։
Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր նեղուցի փակման մասին։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։