Նշվում է, որ մի քանի այլ զինծառայողներ ստացել են բեկորային եւ այլ թեթև վնասվածքներ։
«Խոշոր մարտական գործողությունները շարունակվում են, և մեր պատասխան գործողությունները ընթացքի մեջ են»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ Օմանի ծոցում՝ Չահ Բահար նավահանգստի նավամատույցի մոտ, ԱՄՆ ռազմածովային ուժերը խորտակել են իրանական «Ջամարան» դասի կորվետ ռազմանավ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ ԱՄՆ Central Command