Սա անօրինական պատերազմ է․ ԱՄՆ դեմոկրատ սենատորը քննադատել է Թրամփի գործողությունները

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Fox News Sunday հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները իրականացնելիս նախագահ Դոնալդ Թրամփը չի պահպանել օրենքի պահանջները։ Նա նշել է, որ այս շաբաթ քվեարկության է դրվելու իր ներկայացրած պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևը։

Reuters-ը գրում է, որ բանաձևը նպատակ ունի արգելել ԱՄՆ զինված ուժերի ներգրավումը Իրանի դեմ ռազմական գործողություններում, եթե դրանք հաստատված չեն Կոնգրեսի կողմից։

«Նախագահը ոչ միայն չդիմեց Կոնգրեսին՝ քննարկում կամ քվեարկություն անցկացնելու համար, այլև գործեց առանց մեզանից մեծամասնությանը նույնիսկ նախապես տեղեկացնելու։ Սա անօրինական պատերազմ է»,- ասել է Քեյնը։

Դեմոկրատ սենատոր Քրիս Կունսը CNN-ի State of the Union հաղորդմանը հայտարարել է, որ Թրամփը պատերազմ է սկսել՝ առանց հստակ հետպատերազմյան ծրագրի։

«Իմ մտավախությունն այն է, որ պատերազմ ընտրելով՝ Թրամփը կհանգեցնի ավելի ճնշող և ավելի ագրեսիվ իրանական ռեժիմի ձևավորմանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է ավելի շատ քաղաքացիական անձանց բռնաճնշումների ենթարկել, և Իրանը տարածաշրջանում կդառնա ավելի ագրեսիվ»,- ասել է նա։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Գլխավոր լուսանկարը՝ Սենատոր Թիմ Քեյն, Վաշինգտոն, 2026 հունվարի 7, Ռոյթերս/Էվելին Հոքշտեյն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն