Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Նրանք քննարկել են Իրանի կողմից երկրի դեմ իրականացված «անպատասխանատու և խտրականություն չդնող հարվածների հետևանքները»։
«Տարածաշրջանը խոր ցնցումների մեջ գտնվելու պայմաններում Կատարը կարող է հույս դնել եվրոպական ուժեղ համերաշխության վրա։ Ինչպես նաև մենք կարող էինք ապավինել Կատարի աջակցությանը եվրոպացի քաղաքացիների հարցում, ինչի համար շնորհակալություն հայտնեցի շեյխին»,- գրել է եվրոպացի պաշտոնյան՝ նշելով, որ «հետագա էսկալացիայի վտանգը իրական է»․
«Այդ պատճառով Իրանում հրատապորեն անհրաժեշտ է վստահելի անցումային գործընթաց։ Այնպիսի գործընթաց, որը կվերականգնի կայունությունը և ճանապարհ կհարթի երկարաժամկետ լուծման համար։ Սա պետք է նշանակի Իրանի ռազմական միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի դադարեցում, ինչպես նաև օդում, ցամաքում և ծովում ապակայունացնող գործողությունների ավարտ։ Ամենից առաջ այն պետք է արտացոլի և աջակցի Իրանի ժողովրդի համարձակ ժողովրդավարական ձգտումներին»,- գրել է Լայենը X-ում։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Գլխավոր լուսանկարը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Ֆրեդերիկ Ֆլորին/AFP