«Ինֆոքոմի» ընթերցողներից մեկը տեղեկացրել է, որ այսօր Երեւանում Իրանի դեսպանատան մոտ իրանցիները փորձել են հավաք իրականացրել, սակայն ՀՀ ոստիկանության ծառայողները կանխել են՝ այդ թվում բերման ենթարկելով մի շարք անձանց։
«Ինֆոքոմին» դեռեւս չի հաջողվել իրավապահներից ճշտել բերման ենթարկվածների թիվը եւ նրանց վարչական ձերբակալման պատճառը։
Այս մասին այսօր նաև հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն՝ դատապարտելով Իրանի քաղաքացիների՝ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված հավաքների և միավորման ազատության իրավունքի սահմանափակման ցանկացած դրսևորում, այդ թվում՝ ձերբակալությունները և հեռախոսազանգերով ոստիկանություն ու ազգային անվտանգության ծառայություն ներկայանալու հորդորները։
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան հասարարկական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է ահազանգեր է ստանում Իրանի Իսլամանակ Հանրապետության ՀՀ-ում բնակվող քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ իրենց խաղաղ, առանց զենքի հավաքները, որոնք տեղի են ունենում Հայաստանում Իրանի Իսլամանակ Հանրապետության դեսպանատան մոտ, մշտապես խոչընդոտվում են ՀՀ ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների զանգերի ու համապատասխան մարմիններ կանչերով՝ արտաքսման և էքստրադիցիայի սպառնալիքներով։
2026 թվականի փետրվարի 26-ին` մի քանի օր դադարից հետո, Հայաստանը որպես անվտանգ երկիր ընտրած և մեր երկրում ապաստանած քաղաքացիները դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ ստանալու հավաք անցկացնելու թույլտվություն` 7-13 օր ժամկետով Երևան քաղաքի Իրանի Իսլամական Հանրապետության դիմացի այգում (Բաղրամյան 1) շտապ հավաք անցկացնելու մասին։
Կազմակերպություն ահազանգած իրանցիները հայտնում են, որ այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական դրսևորումներից հետո առավել քան անհրաժեշտություն է առաջացել խաղաղ, առանց զենքի հավաք անցկացնելու մասին, սակայն վերջիններս հնարավորություն չունեն իրացնելու իրենց հավաքների և միավորման ազատության իրավունքը, քանի որ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում (այս պահին արդեն ձերբակալվածների թիվը 20-30 անձ է), կամ զանգով սպառնալիքներ՝ չմասնակցել և չմոտենալ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։
Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, անհապաղ դադարեցնել մարդու իրավունքերի զանգվածային խախտումներին ուղղված ապօրինի գործողությունները և անհապաղ ազատ արձակել ձերբակալված անձանց», – նշված է հայտարարությունում։