ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին | armenpress.am

armenpress.am Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թեհրանում իր դեսպանության փակման, Իրանի Իսլամական Հանրապետությունից իր դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին, որոնք թիրախավորել են պետության տարածքը։

Այս մասին հայտնել է ԱՄԷ ԱԳՆ-ն։

«Դրանք համարվում են ագրեսիվ հարձակումներ, որոնք ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտների դեմ, այդ թվում՝ բնակելի շրջանների, օդանավակայանների, նավահանգիստների և սպասարկող ենթակառուցվածքների՝ վտանգի ենթարկելով քաղաքացիական անձանց և հանդիսանալով լուրջ և անպատասխանատու սրում, որը կոպտորեն խախտում է ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև ակնհայտորեն հակասում միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը։ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս որոշումն արտացոլում է ԱՄԷ-ի հաստատուն և վճռական դիրքորոշումն ընդդեմ ցանկացած հարձակման, որը սպառնում է երկրի անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Այն ընդունվել է շարունակվող թշնամական և սադրիչ գործողությունների պայմաններում, որոնք խաթարում են լարվածության նվազեցման ջանքերը և տարածաշրջանը մղում ծայրահեղ վտանգավոր զարգացումների ուղղությամբ՝ սպառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը և համաշխարհային տնտեսության կայունությանը»,- ասված հաղորդագրության մեջ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն