Մասսյացոտնի թեմի եկեղեցականներն անհամաձայնություն ու մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշման վերաբերյալ, որն իրենց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։ Այս մասին ասված է Մասսյացոտնի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասված է․
«Հայտարարում ենք, որ տվյալ որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։ Այդ իշխանությունը իրականացվում է միայն Եկեղեցու հետ հաղորդության և կանոնական կարգի շրջանակում, հնազանդ և հավատարիմ եպիսկոպոսական ուխտին։ Երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից և վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից, այդ թվում նաև՝ թեմ կառավարելու կանոնական առաքելությունից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ։ Թեմի առաջնորդությունը նախ և առաջ հոգևոր ծառայություն է, որը ենթադրում է նվիրապետական աստիճան, կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ճանաչում։
Միաժամանակ ընդգծում ենք, որ խնդիրն ունի նաև խորապես հոգևոր և բարոյական կողմ։ Քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի, կանոնական ուխտին և եկեղեցական կարգին հավատարմության և խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժել այդ հավատարմությունը և ենթարկվել այնպիսի առաջնորդության, որը հակասում է իր խղճին, դավանանքին և եկեղեցաբանական համոզմունքին։ Դատական միջանկյալ որոշման և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։
Խղճի և դավանանքի ազատությունը մեր երկրում երաշխավորված է իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի հոգևորականի կամ պարզ հավատացյալի հավատքի կյանքին, հոգևոր ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն ըստ օրենքի չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծության: Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ։
Այս ամենով պայմանավորված՝ հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշման իրականացումը առարկայորեն դառնում է անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է մեր ձեռնադրությամբ ստանձնած սրբազան պարտավորությանը՝ Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ։ Անկախ մեր դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ մենք չենք կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է հակականոնական ընթացքի և սրբապղծության՝ այդ կերպ հավատացյալներին ևս դարձնելով մեղսակից։
1. Տ. Մխիթար քհն. Ալոյան – Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան – Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան – Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան – Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան – Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ
6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան – Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան – Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ
8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան – Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ
9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան – Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
10. Տ. Ղազար քհն. Թորոսյան – Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան – Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան – Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ
13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան – Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ
14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան – Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան – Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ
16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան – Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան – Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ
18. Տ. Տիրան քհն. Նահապետյան – Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ
19. Տ. Հարություն քհն. Հակոբյան – Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ»։