Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել խուսափել դեսպանատուն այցից և պատսպարվել տանը | azatutyun.am

azatutyun.am  Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս մարդկանց խուսափել դեսպանատուն այցելելուց և պատսպարվել տանը:

«Թաքնվեք ձեր տան ամենացածր հարկում և պատուհաններից հեռու: Դուրս մի եկեք», – զգուշացրել է դեսպանատունը:

Այն նաև կոչ է անում Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «պատսպարվել տեղում, վերանայել հարձակման դեպքում անվտանգության ծրագրերը և զգոն մնալ ապագայում նոր հարձակումների դեպքում»:

Ավելի վաղ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան տարածքից ծուխ էր նկատվել:

Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը հայտնել է, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանի արձակած անօդաչու սարքերը Ռումայիթիա և Սալուա թաղամասերի շրջանում:

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են լսվել, հայտնել են Reuters-ը և Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Դոհայում պայթյունների մասին հաղորդագրություններից հետո AFP-ն տեղեկացրել է, որ պայթյուններ են գրանցվել Բահրեյնում և Դուբայում:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն