Ինչո՞ւ Հայաստանը չի ցավակցել Իրանին՝ հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ․ նախարարի արձագանքը | civilnet.am

civilnet.am  Պաշտոնական Երևանը դեռևս չի ցավակցել Իրանին՝ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի սպանության կապակցությամբ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով այս հարցը՝ նշեց, որ ինքը Անվտանգության խորհրդի անդամ չէ և հայտարարություն չի անի, թե ինչու մինչ այս ցավակցական հայտարարություն չի եղել։

«Չեմ անի որևէ հայտարարություն։ Ես վստահ եմ, որ մեր կառավարության, այդ թվում և ինձ համար ցավալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում նախ և առաջ ժողովրդի տեսանկյունից, բայց այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև ոչ ոլորտի պատասխանատուն եմ և ոչ էլ անկեղծ ասեմ՝ մասնագետը»,- ասաց նա։

Գալյանը հրաժարվեց դիրքորոշում հայտնել նաև այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կաշկանդում են կառավարությանը նման քայլ անել՝ վերահաստատելով, որ ոլորտին չի տիրապետում։ Նախարարը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն և համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակվում է՝ հավելելով, որ իր վաղվա օրակարգում ներառված է հանդիպում Իրանի դեսպանի հետ։

Անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմական իրավիճակում իշխող թիմը ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում, Սրբուհի Գալյանը հարցին հարցով պատասխանեց, թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ բացարձակ անտարբեր չթվար Հայաստանի սահմաններից դուրս կատարվողի հանդեպ։

Նա նշեց, որ հարգում է լրագրողի կարծիքը, թե պաշտպանության և արտաքին գործերի նախարարները չպետք է լինեին փողոցում, սակայն շեշտեց որ եթե Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ապա չկա պատճառ ներքին օրակարգից շեղվելու համար։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն