azatutyun.am Կրեմլը հաղորդում է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ՝ Թեհրանի դեմ իրականացվող, իր ձևակերպմամբ, «բացահայտ ագրեսիայով» պայմանավորված, և խորապես հիասթափված է իրադարձությունների այսպիսի զարգացմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ դատապարտել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը՝ այն անվանելով «ցինիկ» սպանություն, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել էր Մերձավոր Արևելքին «էսկալացիայի անկառավարելի անդունդ» մղելու մեջ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցել է, որ Ռուսաստանը վերլուծում է իրավիճակը և սեփական եզրակացություններն է անում։ «Ինչ վերաբերում է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցություններին, ապա կարող ենք միայն խոր հիասթափություն հայտնել, որ այդ բանակցություններում զգալի առաջընթացի մասին հաղորդումների ֆոնին իրավիճակը, այդուհանդերձ, վերածվեց բացահայտ ագրեսիայի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինն այսօր ավելի ուշ նախատեսում է Իրանի հետ կապված միջազգային հեռախոսազրույց, սակայն չի բացահայտել, թե ում հետ։
«Կարող եմ միայն ասել, որ մենք մշտական կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ և քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ շարունակում ենք երկխոսությունը այն երկրների ղեկավարների հետ, ում վրա հակամարտությունն ազդեցություն է թողել, ներառյալ Պարսից ծոցի պետությունները», – նշել է Պեսկովը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։